Դիմորդներն այսօր քննություն են հանձնում Հայոց պատմությունից և Քիմիայից (լուսանկարներ)

DSCN1690Այսօր 1990 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Հայոց պատմությունից, 1065 դիմորդներ էլ` Քիմիայից: Սա միասնական քննությունների նախավերջին օրն է: Դիմորդները վերջին միասնական քննությունը կհանձնեն հունիսի 23-ին, Ռուսերենից:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում դիմորդները տեղավորվում են երկու դահլիճներում, նրանց համար կազմակերպիչները կարդում են քննության կարգը և տրվում է քննության մեկնարկը: Դիմորդները երեք ժամ ունեն վերհիշելու Հայոց պատմության մասին իրենց ողջ գիտելիքները և թեստային հարցերին ճիշտ պատասխանելու համար:

Դիմորդների ծնողները սպասում են բակում, որտեղ միմյանց հետ քննարկում են նախորդ քննությունները, թեստերը, կիսվում տպավորություններով: Աննա Կարապետյանն, ով սպասում է քննություն հանձնող դստերը, ասում է, որ շտեմարաններից հիմնական դժգոհությունը պնդումների փուլն է. այս առաջադրանքի գնահատումը խնդրահարույց է:

Շուրջը հավաքված բոլոր ծնողները ևս միաձայն նշում են`  կցանկանային, որ պնդումների փունջը դուրս գար բոլոր առարկաների շտեմարաններից:

Կարինե Մկրտչյանը, ում դուստրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ասում է, որ բուհ դիմելու համար աղջիկը երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել, ուստի և բարձր գնահատական են ակնկալում: Մինչ այս Հայոց լեզվից և գրականությունից 18,75, իսկ Անգլերենից 19,25 է ստացել:

Խոսելով շտեմարաններն անգիր անելու հնարավորությունից, ասում է, որ դա իրատեսական չէ. «Այնքան ծավալուն է, որ առանց սովորելու, պարզապես անգիր անել հնարավոր չէ: Երեխան պետք է պարապի, որ կարողանա քննություն հանձնել»: Տիկին Կարինեն նշում է, որ Հայոց պատմության առաջադրանքները արհեստականորեն բարդացված են, ներառված են բազմաթիվ տարեթվեր, ամսաթվեր, որոնք հիշելը գուցե պետք է պատմաբանին, բայց ոչ մյուս ֆակուլտետների դիմորդներին:

Հայոց պատմության գնահատականները կհրապարակվեն հունիսի 25-ին, իսկ հրապարակվելու հաջորդ օրը կկայանա գնահատականների բողոքարկումը:

Tags: ,