ԱԺ-ն այսօր մեկ տասնյակից ավել օրենքի նախագծեր է ընդունել

աժԱյսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ոչ իշխանական  խմբակցությունները չփորձեցին կրկնել երեկվա փորձն ու տապալել քվորումի ապահովումը, այնուամենայնիվ, նրանք փորձեցին դեմ կամ ձեռնպահ ձայներով ազդել որոշ օրինագծերի քվեարուկթյան վրա: Ինչ խոսք, ԱԺ քաղաքական մեծամասնությունը գերազանցեց ինքն իրեն՝ մերժման չարժանացնելով Կառավարության կողմից ներկայացված որևէ օրենքի:

Այսօր ընդունվեցին մեկ տասնյակից ավելի օրենքի նախագծեր, որոնցից առավել հիշարժան էին Վարչական իրավախախտումենրի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ձայն խնդրեց Նաիրա Զոհրաբյանն ու հիշեցրեց, որ այս նախագիծն, ըստ էության, ընդգրկված էր ոչ իշխանական քառյակի տասներկու կետերի մեջ: Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ որոշակի աշխատանք, այնուամենայնիվ, կատարված է, ուստի ԲՀԿ-ն կքվեարկի կողմ: Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ձայն խնդրեց Արամ Մանուկյանն ու շեշտեց, որ «օրենքը լավ օրենք է, բայց մեջը լիքը անհեթեթություններ կան», ուստի առաջարկեց ուղղակի չքվեարկել: Գալուստ Սահակյանը կատակեց.«Քվեարկում ենք լավ օրենքը»:

Երկու նախագծերն էլ ընդունվեցին: Այս պահին ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները:

 

Tags: ,