Եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու. Արմեն Ռուստամյան

Արմեն ռուստամյանԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Մտքերի փոխանակման ժամին, խոսելով նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արձանագրեց. ՛՛Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է, որ  դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես: Իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել: Ինչու փոխվեց կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում: Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դեմ էիք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Հասկացեք՝ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի: Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից այն չի քաղցրանալու, չէ՞: Լուծված չի խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը պահպանված չի, սա է մեր ամբողջ քաղաքական դիևքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու՛՛, – եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Անկախ

Tags: , ,