Խորհրդակցություն Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրների մասին

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունԱյսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության  հիմնական թեման Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներն էին: Նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի և խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը:

Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԳՆ անտառաբուծության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի ներկայացրած զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքեցին  հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը:

ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու  լրացումները գնահատվեցին որպես հիմնավորված և անհրաժեշտ:

Ամփոփելով անտառային տնտեսության վարման արդի վիճակի մասին  հնչած կարծիքներն ու տեսակետները, նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ չնայած վերջին մի քանի տարիներին  որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումնրը,  սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց  լուծման  գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: