Հայ հաքերները նույնպես հարձակումներ են կատարում

Սամվել ՄարտիրոսյանԿիբերհարձակումները նորից ակտիվացել են, հատկապես ապրիլի 23-ից: Հայ-ադրբեջանական հաքերները պարբերաբար հարձակումներին են ենթարկում պետական ու մասնավոր կայքերը: «Անկախ»-ի հետ հարցազրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ վերջերս Armenian Cyber Army և A.S.A.L.A. հայկական հաքերական խմբերը որոշ թուրքական կայքեր են կոտրել Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր կայքի ստորին հատվածում տեղադրված հայելիներն ապացուցում են, որ այդ կիբերհարձակումները կապ ունեն հենց ցեղասպանության հետ:

Նրա խոսքերով` 2006-2007 թթ.-ից ադրբեջանցիներն ակտիվ կիբերհարձակումներ են գործել հայկական կայքերի վրա, իսկ Հայաստանը միայն վերջին տարիներին է ակտիվացել և սկսել հարվածներ հասցնել ադրբեջանական ու թուրքական կողմին: «Գիտե՞ք սակայն` որն է տարբերությունը: Ադրբեջանցիներն ավելի լուրջ են վերաբերվում այդ հարձակումներին, քան մենք:  Ապրիլի 23–ից էլ հայկական հաքերական խումբն ավելի քան 10 թուրքական կայք է կոտրել և այնտեղ տեղադրել ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, սակայն թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից դեռ պատասխան արձագանք չի եկել»:

Մեր հարցին` ինչպե՞ս եք հասկանում, որ հայկական կայքերը հարձակման են ենթարկվել մեդիափորձագետը պատասախանել է. «Շատ սովորական: Հայկական հաքերային որոշ խմբերի հետ կապեր ունեմ հաստատված և իրենցից նման տեղեկատվություն եմ ստանում: Պետք է նաև նշել, որ սկսնակ խմբերը նույնպես կոտրում են տարբեր երկրների կայքեր, միայն որպեսզի ինքնահաստատվեն: Եվ նրանց համար միևնույն է՝ կայքը հայկակա՞ն է, թե ոչ: Ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա դրանց օգտատերերը պետք է զգոն լինեն սեփական էջերի  գաղտնաբառերի և այլ նրբությունների նկատմամբ»:

Անկախ

Tags: , ,