Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ապաստան է գտել Եվրոպայում

 Ռաուֆ ՄիրկադիրովՌաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն “Լրագրողներ առանց սահմանների”, “Human Rights Watch” և “Turkish Human Rights” կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ ապաստան են գտել եվրոպական երկրներից մեկում:

Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչև ապրիլի 18-ը` լրագրողի արտաքսումը Բաքու, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության վիզան և պահանջել են լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, և հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքին հաջողվեց հեռանալ Թուրքիայից:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

Tags: , ,