«Շարժումը արդեն չորս երթ է կազմակերպել, որոնցից ոչ մեկի ժամանակ խախտում չի եղել մեր նախաձեռնության կոչը հենց այն է, որ մենք կողմ ենք անվտանգ երթևեկությանը, իսկ մեր բողոքն արհեստականորեն ստեղծված խոչընդոտների դեմ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Շարժման մասնակցիները պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Արշակ Զաքարյանը առաջարկեց մեկական դոլար հավաքել ու գնել ավտոկայանատեղիները տնօրինող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության բաժնետոմսերը, որոնք վաճառքի են հանվել:
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ կատարած ներդրումների ծավալը կազմելու է 5 մլն դոլար: Նրա հավաստմամբ՝ կազմակերպությունն այս տարի ևս պատրաստվում է 5 մլն դոլար ներդնել՝ վարորդների հաշվին, որոնք կուտակվում են տարբեր տուգանքների միջոցով: «Այդ հինգ միլիոնը տեսնես ինչի՞ վրա է ծախսել, չինական ներկերի՞, որ գծել են փողոցում: Մենք ուզում ենք, որ ընդհանրապես վերացվեն այդ կարմիր գծերը»,- ասաց Զաքարյանը:
Նա անդրադարձավ մայիսի 19-ին տեղի ունեցած երթին, որի ժամանակ 11 մարդ էր բերման ենթարկվել. Ոստիկաններն այդ օր խախտել են բոլոր հնարավոր իրավունքները: ճանապարհային ոստիկանությունը իրենց պետի` Արսեն Արշակյանի գլխավորությամբ փակեց ճանապարհը, ինչի հետևանքով խցանում առաջացավ: Իսկ երբ եկավ փոխոստիկանապետ Օսիպյանը, նա հրամայեց տանել բոլոր ակտիվիստներին, և ոստիկանները սկսեցին գողանալ այն ակտիվիստներին, ում ճանաչում էին: Դա մարդու իրավունքների բացահայտ խախտում էր», – նշեց շարժման անդամ Արթուր Կրոյանը, ում ևս բերման են ենթարկել «առանց բացատրելու, թե ինչ խախտում է նա արել և վեց ժամ պահելուց հետո ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ մարդիկ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»:
Շարժման մասնակիցները նշում են, որ շարունակելու են պայքարել մինչև իրենց բոլոր պահանջները չկատարվեն. «Արդեն որոշել ենք փոխել պայքարելու ձևերը, բայց, թե կոնկրետ ինչ կանենք, դեռ որոշում ենք: Շարունակելու ենք ակցիաների միջոցով պայքարել մեր իրավունքների համար», – ասաց ակտիվիստ Արմեն Միքայելյանը:
Tags: «Դուրս մեր գրպանից» շարժում, Արշակ Զաքարյան