Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:
Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:
Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել:
Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է:
Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:
Միթե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:
Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:
Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:
Այո, համոզված եմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր եւ մեկնաբանություններ էինք լսում, կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա եւ ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:
Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Հնարավո՞ր է Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:
Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք եւ իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:
Ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն ինչ կապ ունի այս սկանդալի հետ:
Տիգրան Սարգսյանի մասին ինչո՞ւ եք ինձ հարցնում:
Մտերիմներ եք, սրբազան հայր:
Շատերի հետ եմ մտերիմ, դուք կարծում եք՝ մենք նստում ենք այդ թեմայի շո՞ւրջ ենք խոսում: Մենք երբեք այդ թեմայի շուրջ չենք խոսել, Ձեզ հավաստիացնում եմ, երբեք: Մենք ուրիշ թեմաներից ենք խոսում, այդ թեմայից ընդհանրապես չենք խոսում:
Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք քննարկում Դուք եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մշակույթից ենք խոսում, կրոնից, բայց դա չի նշանակում, որ ամեն օր ենք հանդիպում կամ շաբաթը մեկ: Առիթից առիթ ենք հանդիպում:
Եվ վերջին հարցը, սրբազան հայր, ինչո՞վ եք պատրաստվում օգնել Ձեր սանիկին:
Աշոտ Սուքիասյանին պետք է օգնի արդարադատությունը առաջին հերթին, մինչեւ արդարադատությունը չպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է պարզել, հստակեցնել: Մինչեւ արդատադատությունը չօգնի, ոչ մեկը չի կարող օգնել:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին Հայաստան են տեղափոխել հունիսի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց կալանավորել:
Շարունակությունըէսկզբնաղբյուր կայքում:
Tags: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան