«Երկու շաբաթ է, ինչ Աֆրիկյանների տանը ակտիվ կերպով տեղի է ունենում ապամոնտաժում, այլ կերպ ասած` քանդում: Շաբաթ օրը Մշակույթի նախարարության մի քանի անդամներ եղան շենքի բակում և արգելեցին աշխատանքեր կատարելը, սակայն այսօր քանդման աշխատանքները վերսկսվել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը` ընդգծելով, որ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004 թվականի որոշումը անօրինական է, քանի որ 2008 թվականին Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, ըստ որի, յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը սպառնալիքի տակ է:
Պատմամշակութային հուշարձանների շարքում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի:
Սարհատ Պետրոսյանը չի հավատում պատկան մարմինների հայտարարությանը ,թե շենքը տեղափոխվելու է «Հին Երևան» թաղամասում վերականգնելու նպատակով. «Այդ թաղամասը 2005 թվականից կառուցվում է և դեռ հույս չկա, թե կավարտվի դա: Վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի տեղափոխված շենք մեկ այլ վայրում չի կառուցվել: Պատմամշակութային արժեք ունեցող 29 շենք է ավերվել: Աֆրիկյանների շենքը վերջին մոհիկանների շարքում է», -ասաց նա:
Իրավաբան Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, դատարան Հաստատել` Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների առ ոչինչ լինելը:
Իրավաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը դադարեցվեն շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Tags: Աֆրիկյանների շենք, Սարհատ Պետրոսյան
