Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների ոչ քաղաքավարի պահվածքը վնասում է երկրի հեղինակությանը արտերկում:
Երկրի չորս փոխվարչապետներից մեկը՝ Վան Յանը նշել է, որ արտերկրում հանգստացողները պետք է իրենց ավելի քաղաքավարի պահեն, չառանձնանան բարձր խոսելով և վատ պահվածքով:
Անցած տարի չինացիները ճանաչվեցին որպես աշխարհում ամենաշատ ծախսող զբոսաշրջիկներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարահյին տուրիզմի կազմակերպության՝ նրանք 2012թ-ին արտերկրում զբոսաշրջության վրա ծախսել են 120 միլիարդ դոլար:
Անցած տարի չինացիները կատարել են 83 միլիոն ուղևորություն դեպի արտերկիր՝ 2000թ-ի 10 միլիոնի փոխարեն:
Վան Յանը կուսակցության պաշտոնաթերթին հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների քաղաքավարության մակարդակը բարձրացնելը և նրանց վերաբերյալ լավ իմիջի ստեղծումը կառավարության և համապատասխան ընկերությունների պարտականությունն է՝ ավելացնելով, որ Չինաստանի իշխանությունները պետք է ուղղորդեն, որպեսզի զբոսաշրջիկները ենթարկվեն հասարակական կարգին և էթիկային, հարգեն տեղի կրոնը, հավատալիքները և ավանդույթները, ուշադիր լինեն իրենց խոսքի և պահվածքի վերաբերյալ, ինչպես նաև պահպանեն շրջակա միջավայրը:
Ինչևէ՝ որոշ չինացի զբոսաշրջիկներ նշում են, որ արտերկրում իրենց վերաբերվում են, որպես երկրորդ կարգի մարդկանց:
BBC-ի Պեկինի թղթակիցը տեղեկացնում է, որ այս տարվա սկզբին Չինաստանի ինտերնետ ֆորումները հեղեղվել էին բողոքներով, երբ Մալդիվների հյուրանոցներից մեկում չինացիների զբաղեցրած բոլոր համարներից հավաքել էին թեյնիկները: Ըստ երևույթին հյուրանոցի մենեջերը չէր ցանկացել, որ չինացիները իրենց սենյակներում եռացրած ջրով արագ պատրաստվող լափշաներ պատրաստեն, փոխարենը գումար ծախսեն և սնվեն հյուրանոցի ռեստորանում:
Tags: Չինաստան
