ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերի մասին, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել չդիմելու այնպիսի գործողությունների, որոնք կարող են հանգեցնել դրության վատացմանն ու վնասել խաղաղ կարգավորման գործընթացին:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կառուցողական երկխոսության շարունակությանն ուղղված ևս մեկ հանդիպում տեղի կունենա: «Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում հանդիպելու առաջարկը»,-նշել է Ուորլիքը: Վերջինիս խոսքերով՝ հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Սահմանին տեղի ունեցող դիվերսիոն գործողությունները արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը բոլորիս ընդհանուր նպատակն է, քանզի այն բարօրություն և անվտանգություն կարող է բերել տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է Ուորլիքը:
