Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցման համաձայնագիրը կստորագրվի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան“Այն ինչ կատարվում է մեր շուրջ, աշխարհում հետաքրքիր է…և չնայած ողջ աշխարհի այս խիստ փոփոխություններին՝ Կովկասը հանգիստ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Իրաքում, Իրանում, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, որին խառնված է նաև Թուրքիան, ուկրաինական դեպքերը,  իհարկե, ընդհանուր առմամբ ազդեցություն  ունենում  են տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա:

“Բայց քանի որ Կովկասում այս պահին կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում,  կարելի է խոսել  Լավրովի այցի մասին”,-նշեց Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ Հայաստանի ասոցացման պայմանագիրը պատրաստվում է, ստեղծվում է ճանապարհային քարտեզը, մի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են կազմվում:

“Սակայն կասկածում եմ, որ նախատեսվածի պես հուլիս 1-ին կիրականացվի  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը”,-նկատեց Իսկանդարյանը, իսկ պատճառն, ըստ քաղաքագետի, տեխնիկական է, նաև  ԵՏՄ հիմնադիր երկրների միջև առկա հարցերը:

“Այս հարցերը կլուծվեն, բայց այն, որ դա մեկ շաբաթվա ընթացքում կլինի, կասկածում եմ”-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսը ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան հիմնականում բնորոշեց որպես ռուսական և հայկական էլիտաների սովորական հանդիպում, քանի որ նրանք միշտ էլ քննարկման հարցեր ունենում են և այս այցը հերթականն էր: Իսկ այն, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, քաղաքագետը նորմալ է գնահատում, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող հաշվի չառնել Արդբեջանի գործոնը, և սա բնական է:

Իսկ Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի ԵՏՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին խոսելով՝ Իսկանդարյանը նշեց, որ ուղղակի կապ այս ամենը Լեռնային Ղարաբաղի հետ  չի կարող ունենալ:

 

Անկախ

Tags: , , ,