Մշակույթի նախարարությունը դիմել է դատարան՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցնելու պահանջով.Tert.am

աֆրիկյաններՄշակույթի նախարարությունը դատարանի միջոցով կփորձի ստիպել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին դադարեցնել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

«Այսօր դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպենք դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ մեր ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները»,-նշեց նա։

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունըհայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը։ Ակտիվիստները շինարարներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթը՝ ուղղված «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Թադևոսյանին, որտեղ նշվում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքի ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ գործակալության մասնագետները իրականացնում են շենքի ապամոնտաժման հսկողական աշխատանքներ։

«Հայտնում ենք, որ տեղում շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, բացակայում են ապամոնտաժման աշխատանքների վարման մարտյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների հրահանգը չի կատարվել։

Ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանների պահպանությունը։ Մինչ համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայությունն ապահովելն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները»,-նշված է պահանջում։

Նշենք նաև, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ այս պահին երթով շարժվում են նախարարություն։