Երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակություն

ԼՂՀԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի, կառավարության այլ անդամների հետ:
ՀՀ վարչապետը` արցախյան գործընկերոջ և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հուշահամալիր այցից հետո կայացել է հայկական երկու պետությունների գործադիր իշխանության ղեկավարների առանձնազրույցը. քննարկվել են համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ համատեղ լուծելի հարցերը բազմաթիվ են, օրախնդիր ու հեռանկարային, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինեն հստակ մոտեցումներ: Երկու կառավարությունների միջև գոյություն չունի որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել միացյալ ուժերով` ընդհանուր ազգային տեսլականի շրջագծում,- նշել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը էական ու հրատապ է համարել Արցախի տնտեսական ինտեգրման խորացումը Հայաստանի Հանրապետության հետ` նշելով, որ, դա է թելադրում ներկա ռազմա-քաղաքական կացությունը տարածաշրջանում, և այն բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարության կողմից հետայսու ևս կգործադրվեն բոլոր ջանքերը Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա հակված է այն մտքին, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը լինի առարկայական ու նպատակային:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները, ըստ ճյուղային ոլորտների, ներկայացրել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները, նշել իրագործման փուլում գնտվող ծրագրերը, ինչպես նաև ձեռքբերել նոր պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Դրական գնահատելով տարբեր ոլորտների միջև փոխգործակցությունը` վարչապետներ Արա Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել են հետամուտ լինել շոշափված խնդիրների լուծմանը, մասնավորապես, աշխատել Վարդենիս-Սոթք-Հաթերք երկրորդ օդային գծի գործարկման և հակակարկտային կայանների համակարգը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ առանձին գերատեսչությունների աշխատակիցների միջև, որտեղ կհստակեցվեն համագործակցության ընդլայնման վերաբերյալ հետագա անելիքները:
Անկախ

Tags: ,