Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

երաժշտական դպրոցԵրևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։

Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Մրցակարգով  սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի մրցութային 2-րդ տեղում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 3-րդում՝ Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը։ Լավագույն եռյակում ընդգրկված դպրոցները, բացի պատվոգրերից, ըստ մրցութային տեղերի ստացել են նաև դրամական պարգևներ։

Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Խաչիկ Անդրեասյանը, ով Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան է։

Մրցույթն անցկացվել է 11 անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, ազգային նվագարանների համույթներ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն։ Մայիսի 5-ից 25-ը անցկացված մրցութային լսումներին մասնակցել է շուրջ 2000 աշակերտ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր 25 դպրոցներից։ Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովը նախագահել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։

«Ընտրված էր բավականին հեղինակավոր ժյուրի, խորապես վստահելի անհատներ։ Նրանց մասնագիտական ճշգրիտ գնահատականներում, վստահ եմ, անաչառորեն արտահայտված է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրի մասնագիտական տարեկան առաջադիմությունը, որակն ու ինքնությունը։ Առաջին տասնյակում թեև քիչ, բայց առկա փոփոխությունը արտացոլում է դպրոցների՝ տարեցտարի առավել ներկայանալի դառնալու ձգտումը։ Քաղաքապետարանն այս իմաստով բացի մրցութայինը, շատ այլ եղանակներով է խրախուսում այս դպրոցներին։ Քաղաքապետարանն այսօր մեծ ներդրումներ է անում նաև երաժշտական ու արվեստի դպրոցներում՝ բարելավելով շենքային պայմանները վերանորոգումներով, գույքի համալրումով և այլն։ Քաղաքապետարանը նաև հետևողական է և պատրաստակամ  լավագույն երեխաներին աջակցելու հարցում, ինչպես օրինակ միջազգային մրցույթների մեկնելիս և այլն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ դպրոցների առաջընթացին զուգահեռ՝ ամրապնդվում է նաև մրցույթ-փառատոնի հեղինակությունը. այս մրցույթի արդյունքները ծանրակշիռ են նաև երաժշտարվեստի զարգացմանը սատարող հիմնադրամների համար։

Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ վերջին շրջանում ակնհայտ է դարձել առանձնահատուկ մոտեցումը ազգային նվագարաններին և նկատել, որ մրցույթը նաև դասական երաժշտության ինքնատիպ քարոզչություն է, որը շատ ծնողների կողմնորոշում է դպրոցահասակ երեխաներին ուսման տալ երաժշտական կրթօջախներում։

Գալա-համերգը, ինչպես ամեն տարի, ամփոփվել է Երևանի օրհներգով, որը կատարել են երաժշտական դպրոցների երգչախմբերի սաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: , ,