«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և 27 քաղաքացի բերման ենթարկվեց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:
«Ակցիան կլիներ բացառապես խաղաղ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս շենքին մոտենալ և իրենց պահանջներն էլ չէին ներկայացնում: Ոստիկանները արգելում էին ոչ միայն ցուցարարներին, այլև անցորդ քաղաքացիներին շարժվել, մոտենալ շենքին: Երբ մենք պահանջեցինք հիմնավորել, թե ինչու են մարդկանց տանում, ոչ մի պատասխան չհնչեց: Ցուցարարները արդեն գտնվում էին շենքից հեռու և ինքնաբերաբար փակում էին ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը: Սկսվեց բռնարարք մարդկանց նկատմամբ: Ցուցարարները իջան Սարյան փողոց, ամեն ինչ ուղեկցվեց մարդկանց նկատմամբ վայրագ գործողություններով», – տեղեկացրեց ակտիվիստը ասելով, որ ոչ ադեկվատ է գնահատում ոստիկանության գործողությունները և պահանջեց, որ բոլոր մեղավոր ոստիկանները պատժվեն: «Այլ բողոքի ակցիաների էլ ենք մասնակցել, բայց այսպիսի վերաբերմունքը մեզ համար անակնկալ էր, ոստիկանության համար սա անկում էր: Այն մի քանի քայլ հետ էր գնացել», -ասաց նա:
Բողոքի ակցիայի մասնակցիներից ևս մեկը` Արսեն Ադամյանը նշեց, որ բերման ենթարկվածներից մեկը ինքն է եղել, սակայն իրեն նույնպես այդպես էլ չեն հիմնավորել դրա պատճառը: Այնուամենայնիվ ակտիվիստները հայտարարեցին, որ չնայած այս ամենին, իրենք շարունակելու են պայքարել թանկացման դեմ. «Մեզ բացարձակ չվախեցրին ոստիկանների գործողությունները, գնալու ենք մինչև վերջ, եթե հարկ լինի և՛ հայցեր, և՛ հակընդդեմ հայցեր ենք ներկայացնելու: Անելու ենք ամեն ինչ՝ կեղծիքները բացահայտելու համար», -ասաց Արսեն Ադամյանը:
Tags: Արման Ավետիսյան էլեկտրաէներգիայի թանկացում, Արսեն Ադամյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով