Գլխավոր դատախազը խոստանում է, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի

Գևորգ ԿոստանյանՀուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ այսօր ընթացիկ տարում առաջին անգամ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա, ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքը, տեղեկացրեց , որ դատախազությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. «Վերջին 9 ամիսներին դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավելի դատախազ, որոնց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ», – ասաց գլխավոր դատախազը, ընդգծելով, որ համակարգում սերնդափոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր, իսկ այժմ դատախազության համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող և գիտական ասպարեզում իրենց դրսևորած մասնագետներով: «Փոխվել է դատախազության գրեթե 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպը ինքնին կհանգեցնի նաև դատախազի նոր կերպարի ձևավորմանը», – հույս հայտնեց Գևորգ Կոստանյանը:

Փոփոխություններ են կատարվել նաև համակարգի կառուցվածքում, որի նպատակն է` կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների: Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ՝ ըստ դատախազական լիազորության:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին, գլխավոր դատախազը անդրադարձավ նաև վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ էր կիրառվել.
« Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի կիրառումը նրա գործառույթի մեջ է մտնում: Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ նյութեր են պատրաստվում, ընդ որում` հայցեր կան երկու կողմից:

 

Խոսելով վերջին շրջանում հանրապետությունում հնչած կրակոցների դեպքերի աճին, դատախազը նշեց, որ իրականում ոչ թե միջադեպերն են շատացել, պարզապես սկսել են դրանից ավելի շատ խոսել.« Չեմ կարծում,  թե աճ կա. ես դա  վերագրում եմ նրան, որ ավելի շատ է դրա մասին խոսվում: Ցանկացած բան այսօր տեսանելի է: Վստահ եմ` ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվում դա կանխելու համար: Այսօր արդեն լուրջ արդյունքներ ունենք, օպերատիվ և պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվում»:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի, և ինքը դրա համար  անձամբ պատասխանատվություն է կրում:

 

Անկախ

 

Tags: , , ,