Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր. Արփինե Հովհաննիսյան

Արփինե-Հովհաննիսյան-600x600ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից հարց չտալու փաստին`մեկնաբանելով դրդապատճառները:

Նա գրում է. «Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել.

ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»:

Tags: , ,