Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին

1Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ իր հոր 40-րդ օրվա հոգեհանգստին մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

“Ռաուֆ Միրկադիրովը գրավոր ձևով դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և նրա տեղակալին՝ խնդրելով թույլ տալ իրեն մասնակցել հոր մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը: Այդ օրը հուլիսի 3-ն է: Մոտ ապագայում ակնկալում ենք պատասխան ստանալ”,- նշել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Tags: ,