Հայաստանում բուժված թմրամոլներից 80 տոկոսը նորից թմրամիջոց է օգտագործում. ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ

Պետրոս Սեմերջյան«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 5025 հաշվառված թմրամոլ. 2013 թվականին այդ թիվը կազմել էր 4428 թմրամոլ», – թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, ընդգծելով, որ խոսքը այն մարդկանց մասին է, ում վերաբերյալ նախարարությունն  ընդհանուր տեղեկություններ ունի: «10 տարի առաջ գրանցված թմրամոլների թիվը կազմում էր 183: Սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակ այդքան քիչ էր, պարզապես մարդիկ նախարարություն ավելի քիչ էին դիմում: Վերջին տարիներին դիմումները ավելի շատ են. դա կապված է թմրամիջոց օգտագործելու ապաքրեականացման և բուժման որակի բարձրացման հետ», – ասաց նա:

Կան մարդիկ, ովքեր երբեք Առողջապահության նախարարություն չեն դիմել, որոշ մարդիկ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել, իսկ կան մարդիկ որոնք ոչ մեկի , ոչ մյուսի կողմից չեն հայտնաբերվել:

Հայաստանում թմրամոլությունը տարածված է 30-45 տարիքային խմբում: Հաշվառված է 57 կին: Այդ մարդիկ տարբեր խավերի են պատկանում. Տարբերությունն այն է, որ ավելի հարուստները թանկ միջոցներ են օգտագործում: Միջազգային կառույցների հետ համատեղ 2011 թ.-ին կատարվել է հետազոտություն, որի արդյունքներով պարզ է դարձել, որ Հայաստանում թմրամոլների ընդհանուր թիվը մոտ 30 հազար է: «Սակայն դա ծախսատար հետազոտություն է, այդ պատճառով հաճախ չի իրականացվում: Այս տարի հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունների  օգնությամբ նորից նմանատիպ ուսումնասիրություն կկատարվի: Ամեն դեպքում միանշանակ կարելի է ասել , որ թմրամոլների թիվը հանրապետությունում աճել է », – նշեց պարոն Սեմերջյանը:

Անդրադառնալով այն բանին, թե ինչն է մարդուն ստիպում օգտագործել թմրադեղեր, գլխավոր նարկոլոգն ասաց, որ մարդիկ սկսում են թմրամիջոց օգտագործել հաճույք ստանալու ակնկալիքով. «Այդպես է եղել մեր թվարկությունից առաջ  և այժմ էլ այդպես է: Սակայն նրանք շատ արագ հիասթափվում են և ընկնում հիվանդագին կախվածության մեջ»:

Ըստ մասնագետի` բուժման արդյունավետությունը հարաբերական է: Կախվածությունը 100 տոկոսով վերացվում է: «Բուժման հետագա ընթացքը կախված է հոգեբանական և սոցիալական հանգամանքներից: Մարդը բուժումից հետո վերադառնում է նույն միջավայր: Սովորաբար խորհուրդ են տալիս փոխել շրջապատը, սակայն Հայաստանում դա գործանակնում անհնար է: Արդյունքում 80 տոկոսը հետագայում նորից օգտագործում է թմրամիջոց», -ասաց  Պետրոս Սեմերջյանը:

Հայաստանում տարածված է թմրադեղերի 3 տեսակ. կանեփից պատրաստված, ափիոնատիպ և կոկաին:

Անկախ

Tags: , ,