Նոր տրակտոր Բերդ համայնքին

տրակտորՀայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում «Քեյր» միջազգային գործակալության Կովկասի մասնաճյուղի տրամադրած դրամաշնորհի, Բերդ քաղաքի ու ՀՕՖ-ի ֆինանսական ներդրումների համատեղությամբ Բերդ համայնքը նոր տրակտոր է ձեռք բերել, որի միջոցով առաջիկա 5 տարիներին հնարավոր կլինի օգտագործելի դարձնել քաղաքի ավելի քան 300 հա 10 տարուց ավելի չմշակվող վարելահողերը:

53 հազար դոլար արժողությամբ ռուսական Ագրոմաշ ՏԳ 75 մոդիֆիկացված թրթուրավոր տրակտորը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու արդեն այս աշնանը դրանով ավելի քան 40 հա չմշակվող հողատարածք օգտագործման ենթակա կդառնա:

«Էս տրակտորի կատարած աշխատանքը արդեն աշնանը կերեւա,- ասում է Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը: – Իմ նպատակն այն է, որ ամեն տարի 50-60 հա հող վերադարձնենք բնակիչներին»:

«Բայց մեր նպատակը միայն տևրակտոր ունենալը չէ: Եթե այս քաղաքում հողը վարում են, իմ կարծիքով, մարդիկ դառնում են սեփականատեր, իսկ եթե մարդիկ մի տեղ սեփականություն են ունենում, ավելի դժվար են դա թողնում, հեռանում»,- հավելում է քաղաքապետը՝ խոստանալով առաջին տարում քաղաքի անվճարունակ բնակիչների հողատարածքները վարելու համար տրակտորը տրամադրել անվճար:

Տրակտորի ձեռքբերման համար ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակը «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներքում գրեթե մեկ տարի հետեւողական ջանքեր է գործադրել:

 

Tags: , ,