Իրանում փախստականների հարցն անուշադրության չի մատնվում

փախստականներ

Իրանի ներքին գործերի նախարարության փախստականների և օտարերկրացիների հարցերով տեսուչ Ազիզ Քազեմին հանդիպել է Իրանում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն ներկայացուցիչ Սիվանկա Ջանապալայի հետ: Վերջինս, բարձր գնահատելով փախստականներին պաշտպանելու գործում Իրանի ձեռքբերումները, նշել է, որ Իրանը մեծահոգաբար հյուրընկալել է մեծ թվով փախստականների:

«Ներկայումս աշխարհում կա 51 մլն 200 հազար փախստական: Իրանը Լիբանանից ու Պակիստանից հետո երրորդ երկիրն է, որ ընդունել է մեծ  թվով  փախստականների»,- ասել է Սիվանկա Ջանապալան:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը Իրանի հետ  փախստականների խնդիրների հարցերով համագործակցում է արդեն 30 տարի:

Իրանի ներքին գործերի նախարարության փախստականների և օտարերկրացիների հարցերով տեսուչ Ազիզ Քազեմին նշելով, որ ներկայումս  Իրանում փախստականների և օտարերկրացիների  թիվը հասնում է 950 հազարի, ասել է, որ 32 հազարը Իրաքի քաղաքացի է, իսկ մնացածը՝ Աֆղանստանի:

Ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ Ժնևում հանդիպել էին Իրանի ներքին գործերի  նախարար Ռահմանի  Ֆազլին  և  ՄԱԿ-ի փախստականների հարցով ղեկավար Անտոնիո  Գուտերեսը:

Կողմերը քննարկել էին Իրանում  գտնվող  փախստականների վիճակի  բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Ռահմանի Ֆազլին իր գործընկերոջն էր ներկայացրել Իրանում փախստականների վիճակի մասին  Թեհրանի կազմած պաշտոնական նախագիծը։

Իրանն այս նախագծի միջոցով ակնկալում է, որ  միջազգային  կազմակերպությունները  կաջակցեն և ֆինանսական միջոցներ կտրամադրեն  Թեհրանին, որպեսզի  կարգավորվեն  փախստականների  կրթական  ու  առողջապահական  հարցերը  և  պայմաններ  ստեղծվեն  փախստականներին  իրենց  հայրենիք  վերադարձնելու  համար։

Այս նույն նախագիծն Իրանը ՄԱԿ-ի ուշադրությանն էր ներկայացրել դեռ երեք տարի առաջ, սակայն մինչ օրս ոչ մի օգնություն չի ստացել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , ,