Հայաստանի արտգործնախարարն այցելեց Լատվիա

 Էդվարդ ՆալբանդյանՀունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Ռիգա:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կարևոր ձևաչափ:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ, ինչը լրջորեն նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Կարևորվեցին անցյալ տարի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։

Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։

Հանդիպմանն արծարածվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։

Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ:

Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ:

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասաց, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչը անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։

Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։

2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:

Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Tags: , ,