Սան-Ֆրանցիսկոյի կամուրջն ինքնասպաններից պաշտպանելու համար կծախսեն 76 մլն

pic_d9eef3547f09f85d7286f38c91cc3e9bՍան-Ֆրանցիսկոյի իշխանությունները հավանության են արժանացրել հանրահայտ «Ոսկե դարպասներ» կամրջի կառուցապատումը ֆինանսավորելու հարցը` ինչը կխոչընդոտի ինքնասպանների թռիչքին, հաղորդում է  Associated Press-ը:

Պահանջվող 76 մլն-ից 20 մլն-ը կհատկացվի կամրջի վրայով երթևեկելու համար գանձվող գումարից, 49 մլն-ը ԱՄՆ դաշնային բյուջեից է հատկացվելու ու ևս 7 մլն-ը` Կալիֆոռնիա նահանգը կհատկացնի:

Նախկինում այդ կամրջից նետվելու ճանապարհով ինքնասպան եղածների հարազատները ջերմորեն են ընդունել պաշտոնյաների որոշումը:

Տեղի իշխանությունները մեկ տասնամյակ չէ, որ դիտարկում են այդ խնդիրը: Մասնավորապես, առաջարկվել է հատուկ ցանցեր տեղադրել ու բարձր բազրիքներ, սակայն, մի շարք պատճառներով, այդ տարբերակները մերժվել են: 2010-ին կամրջի տնօրինությունը սերթիֆիկացրել է  պաշտպանական ցանցի տեղադրման նախագիծը, որը պետք է ձգվի կամրջի ամբողջ թռիչքի երկարությամբ, 6մ լայնությամբ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով, այդ գաղափարը մինչ օրս չի իրականացվել:

2012-ին նախագահ Օբաման որոշում կայացրեց, որի համաձայն, անվտանգությունն ապահովող կառույցների տեղադրման նախագծերը պետք է ֆինանսավորվեն դաշնային բյուջեից:

«Ոսկե դարպասներ» կամուրջը բացվել է 1937-ից: Այդ ժամանակից սկսած, մինչ օրս իրենց «կյանքի վերջին թռիչքն» այս կամրջից է կատարել ավելի քան 1400 մարդ: Միայն անցած տարի այս կամրջից ինքնասպանություն է կատարել 46 մարդ:

Կամրջի վերանորոգման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի ու պլանավորվում է ավարտել 2018-ին:

Tags: , ,