«Գազի սակագնի բարձրացումը Հանրապետականի ապաշնորհ քաղաքականության հետևանք է». Զ. Փոստանջյան

imagesՄեկնարկեց ԱԺ հիգերորդ գումարման երրորդ նստաշրջանը:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանն ուղղված հասարակաության բուռն արձագանքին, հետաքրքրվեց, թե Հովիկ Աբրահամյանը, որպես խորհրդարանի ղեկավար և Հանրապետական խմբակցության անդամ, ինչ է ձեռնարկելու, որպեսզի այդ թանկացումը տեղի չունենա և արդյոք նա կողմ է կառավարության կողմից գումարի մի մասի սուբսիդավորմանը:

Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հորդորեց ուշադիր լինել, քանի որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին տեղի է ունենալու հանդիպում վարչապետի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ, որին հրավիրված են նաև բոլոր պատգամավորները. “Ինչ վերաբերում է, թե ես ինչ կարող եմ անել, ապա դուք գիտեք, որ գազը ապրանք է, ներմուծվում է արտերկրից, իսկ յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը, և Հայաստանի իշխանությունը չի կարող միանձնյա որոշում կայացնել”,-ասաց նա:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում Ռուսաստանի պատկան մարմինների հետ, և ամեն ինչ արվելու է, որ գազը հնարավորինս ցածր գնով ներմուծվի Հայաստան:

Փոստանջյանին Հովիկ Աբրահամյանի պատասխանը չբավարարեց. “Չե ՞ք կարծում, որ մեր արտաքին դիվանագիտության հետևանքով է, որ այսօր գազի գինը թանկանում է: Երբ խորհրդարանում քննարկվում էր ռուսական ռազմաբազաների հարցը, դրանք Ռուսաստանին տրամադրվեցին անվճար՝ այդ հողատարածքները և այլն: Չե ՞ք կարծում, որ դա ձեր, ինչպես նաև Ազգային ժողովի բացթողումն էր, որ մենք չկարողացանք մեր պետական, ազգային շահը առաջ մղել: Մենք ունենք ապրանք, որն անվճար տվել ենք Ռուսաստանին, փոխարենը Ռուսաստանն իր ապրանքը մեր վրա վաճառում է ահռելի գնով: Չե ՞ք կարծում, որ սա հենց ձեր ապաշնորհ քաղաքականության հետևանքն է”,-հարցրեց Փոստանջյանը:

“Ոչ, չենք կարծում”,-կտրուկ պատասխանեց Հովիկ Աբրահամյանը և ամբիոնի մոտից գնաց իր տեղը:

Ավելի ուշ վարման կարգի վերաբերյալ կրկին ձայնի իրավունք խնդրեց Փոստանջյանը և հայտարարեց. “Այսօր տեղի ունեցող բոլոր իրադարձությունները՝ այդ թվում և գազի սակագնի բարձրացումը, Հայաստանի հանրապետությունում գործող Հանրապետական կուսակցության ապաշնորհ գործունեության հետևանք է: Կոչ եմ անում մեր հանրապետության քաղաքացիներին չհանդուրժել այդ ապաշնորհ քաղաքականությունը և Ձեր բողոքի ձայնը բարձրացնել՝ գալով Ազգային ժողովի մոտ…”:

Սակայն Փոստանջյանի խոսափողն անջատեցին՝ պատճառաբանելով, որ նրա հայտարարությունը չի վերաբերում օրակարգին:

Tags: