Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրվել է կուսակցության նախագահ

unnamed (1)Այսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից,   հաստատվել են համագումարի օրակարգը, քարտուղարության եւ հաշվիչ հանձնաժողովի կազմերը: Լսվել և եւ ի գիտություն են ընդունվել կուսակցության վարչության, Ազգային ժողովի համանուն խմբակցության ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հաշվետվությունները, որոնք ներկայացրել են համապատասխանաբար Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Անահիտ Բախշյանը:

Համագումարում ծրագրային ելույթով հանդես է եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի մասնավորի անդրադառնալով նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներին ու արտաքին քաղաքականության մարտահրավերներին:

Այնուհետեւ համագումարը լսել է Կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Լիգիա Մելքումյանը, եւ միաձայն ընդունել «Կուսակցության կառուցվածքն ու կառավարումը» բաժնում առաջարկված երկու փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուսակցության վարչության թվակազմը 11 անդամից հասցվել է 15-ի, ինչպես նաեւ սահմանվել, որ հետայսու ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում՝ ԱԺ-ում եւ մայրաքաղաքի ավագանիում, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կուսակցության վարչության նիստերին կմասնակցեն խորհրդակցական ձայնի իրավունքով, եթե վարչության ընտրված անդամներ չեն հանդիսանում:

Հետմիջօրեին տեղի են ունեցել նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես եւ Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:

Նոր վարչության կազմում ընտրվել են կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:

Համագումարը միաձայն ընդունել է բանաձեւ՝ վերահաստատելով իր հավատարմությունը համազգային նպատակներին: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի փրկության բանաձեւն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն եւ Ազգային շահ: Միայն այն ժամանակ եւ այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը եւ բոլորանվեր, համերաշխված գործել Սահմանադրական Հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին»:

Ավելի ուշ տեղի է ունեցել նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը եւ մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը:

 

 

Անկախ

Tags: , ,