Խորհուրդներ հղիներին շոգ սեզոնին

Պավել ՍոցկիՀղիության ընթացքը մեծամասնության դեպքում համընկնում է տոթ սեզոնին, ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ հղի կինը իրեն վատ զգա: Այսօր  այս թեմայի վերաբերյալ  լրագրողների հետ զրուցեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:

Նա նախ նշեց, որ հղիներին խորհուրդ չի տրվում կիզիչ արևի տակ երկար մնալ: Հղի կանայք պետք է շատ զբոսնեն, սակայն առավոտյան և երեկոյան ժամերին:

«Հղիների համար հանգստի մեկնելը ևս շատ օգտակար է, բայց կան որոշակի կանոններ: Նախ` մինչև մեկնելը պետք է բժշկի հետ խորհրդակցել, հետազոտություն անցնել: Անպայման պետք է դեղարկղ վերցնել ուղևորության ժամանակ և բժշկական ապահովագրություն ունենալ», – ասաց Պավել Սոցկին, հավելելով, որ ճանապարհորդության ընթացքում պետք է պարբերաբար փոխել դիրքը և հաճախ դուրս գալ օդ շնչելու, եթե ճանապարհը մեքենայով են անցնում:

Ինքնաթիռով ճանապարհորդելը հակացուցված է հղիության 7 ամսից հետո:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս հանգստանալ ծովափում, սակայն անհրաժեշտ է անպայման օգտագործել քսուքներ հատուկ հղիների համար: «Լողալը շատ օգտակար է, քանի որ շնչառական մկանային համակարգը մարզում է, վերականգնվում է իմունային համակարգը, բայց երկար չլողալ, սառը ջրի մեջ չմտնել և ափից շատ չհեռանալ: Ջրավազաններում խորհուրդ չի տրվում խորասուզվել. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ», – ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Ապագա մայրերը պետք է կանոնավոր սննդակարգ ունենան. Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում սնվել 5-6 անգամ փոքր չափաբաժիններով: Վիտամինների ընդունումը շատ կարևոր է. կերակուրը պետք է ունենա միկրոէլեմենտներ և սպիտակուցներ: Դրանցով հարուստ են բանջարեղենը և մրգերը, սակայն անհրաժեշտ է հնարավորինս հեռու մնալ մրգերից, որոնք առաջացնում են ալերգիա,  օրինակ, ելակից կամ նարինջից:

Բժիշկը հղիներին խորհուրդ է տալիս նաև ամռանը հաճախ լոգանք ընդունել. «Տուն վերադառնալիս անհրաժեշտ է լողանալ: Զբոսանքից վերադառնալուց հետո պետք է լվանալ մազերը, քանի որ մազերի մեջ կարող են  քամու հետևանքով մնալ որոշ բույսերի մնացորդներ,  որոնք կարող են առաջացնել ալերգիա»:

 

Անկախ

Tags: , ,