Հակառակորդի կրակոցից վիրավորված տավուշցի Արմենին վիրահատել են

berdՀակառակորդի գնդակից հունիսի 28-ին վիրավորված Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 16-ամյա բնակիչ Արմեն Բրուտյանին մի քանի ժամ առաջ վիրահատել են Բերդի հոսպիտալում:

Հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ տղայի վիճակը լավ է, մոտ մեկ շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է գյուղի իրենց այգում` ադրբեջանական դիքապահների արձակած կրակոցից: Նրանց ընտանքը` մայրը, հայրը և քույրը միասին խաղողի այգում են եղել, երբ սկսվել են կրակոցները: «Էլ ճար չկար, ժամը հինգից սկսել են, մինչև երեկոյան 7-ը, պառկել էինք, չէինք կարողանում վեր կենալ, հետո իմ բեռնատար մեքենան մի կերպ տարել եմ, կանգնեցրել ընդեղ, սկսել են մեքենան գնդակոծել, հինգ մետրանոց ավտոն հողից մինչև վերև մաղել են: Հեռադիտակով նայում-խփում էին, հետո նոր մենք կարողացանք փախչել»,-ասաց Արմենի հայրը` Լևոն Բրուտյանը:

Արմեն Բրուտյանը վիրավորվել է ոտքից և ձեռքից: Վնասվել են տավուշցի պատանու ծնկոսկրը և ձեռքի ափը, կտրվել են նյարդերը: Բերդի հոսպիտալի պետը նշել, որ տղայի ձեռքից ու ոտքից զենքի բեկորները հանվել են: «Քանի որ վերքն ինֆեկցված էր, սպասեցինք մի քիչ լավանա, նոր: Վիրահատությունը կատարվել է դեպքից երկու օր անց»,-նշեց Էդուարդ Գրիգորյանը:

Ուշագրավն այն է, որ վերջին ամիսներին հրադադարի խախտումների, հյուսիսարևելյան սահմանին լարվածության ընթացքում հակառակորդը կարծես թե շրջանցել էր սահմանամերձ Պառավաքար գյուղը: Սակայն շաբաթ օրը` հունիսի 28-ին, հակառակորդը գնդագոծել էր ոչ միայն Այգեպարը, Ներքին կարմիրը, Այգեպարն ու Չինարին, Չորաթանը, այլև Պառավաքարը: «6-7 տարի ա` էդ պոստից` գիլասկուտի պոստ են ասում, չեն կրակել, 400-500 մ է մեր այգիներից բաժանում, թե էդ ինչից էր, որ կրակեցին»:

Ի դեպ, Լևոն Բրուտյանը նույնպես արցախյան ազատամարտի մասնակից է, տասն անգամ հակառակորդի կողմից վիրավորում է ստացել:

 

Անկախ

 

Tags: , ,