Հանրային խորհրդի ներկայացուցիչը Բուխարեստում հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցով

20140626_093546ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գխավորությամբ (պատվիրակության անդամներ՝ Հովիկ Մուսայելյան, Ռուբեն Սաֆրաստյան) հունիսի 25-28-ը Բուխարեստում մասնակցել է ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերը:

Հայաստանի Հանրային խորհրդի անունից թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը: Վերջինս նախ անդրադարձել է Խորհրդային Միության հանրապետություններում տեղի ունեցած 3 տիպի հեղափոխություններին՝ անկախության համար պայքարին և անկախության ձեռքբերմանը, տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարական կառավարման համակարգի անցմանը, պատմության մեջ նախադեպը չունեցող ունեցվածքային հեղափոխությանը, երբ պետական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունից կարճ ժամանակում անցում պետք է կատարվեր դեպի մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսություն:

Մուսայելյանը նշել է, որ այս վերջին հեղափոխությունը պետք է իրականացնեին պետական, քաղաքական գործիչներն ու չինովնիկները, սակայն ոչ մի երկրում նրանք  չեն  կարողացել չգայթակղվել և չօգտագործել իրենց պաշտոնները սեփականություն ստեղծելու և բիզնես դնելու համար:

ՀԽ անդամը, խոսելով կոռուպցիայի 3 տեսակների մասին, մասնավորապես անդրադարձել է պետական պաշտոնյաների կողմից նոր ստեղծվող  բիզնեսներում իրենց մասնաբաժինը ունենալուն, երբ  գործարարը ստիպված է զիջել իր բիզնեսի մի մասը բարձրագույն չինովնիկին:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ Հանրային խորհուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ ներկայացված փաստաթղթի նախագիծը կարիք ունի վերամշակման, մասնավորապես՝ չբավարարվել կոռուպցիայի ընդհանուր սահմանմամբ, այլ մանրամասնել այդ հասկացությունը, նշել բոլոր այն երևույթները, որոնց դեմ պետք է պայքարել, հստակեցնել ինչպես խորհրդի նպատակները, լիզորություններն ու պատասխանատվությունը, այնպես էլ քարտուղարությանը վերապահված համապատասխան իրավասությունները և ելնելով վերը նշված հստակեցումներից՝ համալրել խորհրդի կազմը:

Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է նաև Հանրային խորհրդի դիրքորոշումը, ըստ որի առաջին հերթին հենց կառավարությունը պետք է շահագրգռված լինի կոռուպցիոն դրսևորումների բացահայտմամբ, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը, գիտակցելով, որ երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդիմությունը և ո՛չ էլ հասարակությունը հաջողության չեն հասնի, եթե չլինի համագործակցություն, ուստի ՀՀ Հանրային խորհրդի գործունության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այդ համագործակցության ճիշտ ձևաչափը գտնելն է»,-ամփոփել է ՀԽ ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ նախևառաջ պետք է բացահայտել առաջնային մի քանի ռիսկային ոլորտներ և ուժերը կենտրոնացնել կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների վրա:

 

Անկախ 

Tags: , , ,