Սեյյեդ Աբբաս Արաղչի. «Փորձելու ենք ամեն ինչ անել արդարացի ու տրամաբանական լուծում գտնելու համար»

abbas-araghchi_0Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով  Իրան-Վեցնյակ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների նոր փուլի մեկնարկին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ միջուկային բանագնաց թիմի գլխավոր սկզբունքը  քաղաքական, տնտեսական, գիտական ու տեխնիկական ոլորտներում Իրանի  անկախության ու արժանապատվության պահպանումն է:

«Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ հուլիսի 2-ին Ավստիրայի մայրաքաղաք Վիեննայում կմեկնարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները»,- նշել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Սեյյեդ Աբբաս Արաղչին հավելել է, որ իրանական կողմը փորձելու է ամեն ինչ անել արդարացի ու տրամաբանական լուծում գտնելու համար:

Եթե Վիեննայում կողմերը  համաձայնության գան, ապա ինչպես 2013-ի նոյեմբերին Ժնևում տեղի ունեցավ, այս անգամ ևս բանակցություններում ներգրավված բոլոր 6 երկրների արտաքին գործերի նախարարները կմասնակցեն վերջնական համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքի:

Հանդիպման ավարտին Իրանի արտգործնախարարն, ամփոփելով բանակցությունների արդյունքները, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլար պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ»  լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,