Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա

Ռոբերտ ՆազարյանՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից Անկախը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացն սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորման թափանցիկությունը, ՀՀ օրենսդրությամբ հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպած քննարկումներին և հանդիպումներին՝ ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հանձնաժողովից դուրս: Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են լսումների ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ հանրային խորհրդում, ունեցել են մի շարք հանդիպումներ տարբեր ԶԼՄ-ների, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Նրանց տրվել են համապատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են հանձնաժողովի կողմից իրականացված հաշվարկները, տրվել են պարզաբանումներ: Բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել են հանձնաժողովի տիրապետման տակ գտնվող պահանջված փաստաթղթերը: Էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ բոլոր հաշվարկները տեղադրված են եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www. psrc.am):
2014 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Հ/Կ-ներին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։