Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս հարցը արծարծել է Նորվեգիայի պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” կայքը:
Նորվեգիացի խորհրդարանականը նշել է, որ Մամեդլին ապօրինաբար է ձերբակալվել և հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:
Բացի այդ, նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալին:
Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 26-ին Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Tags: նորվեգիա, քաղբանտարկյալ