Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում չի ստեղծվի. նախագիծը մերժվեց

ԱԺՄարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն այսօր խորհրդարանում  ձայների` 57 դեմ, 48 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց: Նախագծին դեմ քվեարկեց խորհրդարանական մեծամասնությունը:

Նախքան քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագծում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, ուստի իրենք դեմ են քվեարկելու:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հիշեցրեց, որ նրանց կողմից ներկայացված յոթ առաջարկություններից վեցուկեսն իրենք ընդունել են` բացառությամբ այն կետի, որ ժամանակավոր հանձնաժողովի քննարկումներին պետք է հրավիրվեն քննիչներ: Փոխարենը ՀԱԿ-ն ընդունել էր ՀՀԿ այն առաջարկին, որ դատախազներ չհրավիրվեն:

Քվերակությունից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ սկզբում մեծամասնությունը երաշխիքներ էր տալիս, որ ընտրական փուլի ավարտից հետո ՀՀԿ-ն քվեարկության է դնելու հանձնաժողովի ստեղծման հարցը և կողմ է քվեարկելու, սակայն այսօր փաստորեն դրժում է իր խոստումը. «Այս քվեարկությունը ցույց տվեց, թե ով է պատասխանատու Մարտի 1-ի համար»,- ասաց նա:

Նշենք, որ ձեռնպահ քվերեարկած պատգամավորներից երկուսն էլ հանրապետական են, իսկ նրանցից մեկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Մյուս ձեռնպահ քվեարկածը պատգամավոր Արման Սահակյանը:

Ավելի ուշ Ջհանգիրյանը ևս մեկ ՀՀԿ-ն դեմ է եղել հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց հրավիրելուն, ինչն էլ չի ընդունվել ՀԱԿ-ի կողմից: Ջհանգիրյանը նշեց, որ դատախազներին չհրավիրելու` ՀՀԿ-ի պահանջը կատարել են, բայց մնացած բոլոր պաշտոնյաների` նախաքննության, հետաքննության մարմինների, ոստիկանության աշխատակիցներին չհրավիրելը չի ընդունվել:

 

Tags: