Քառյակը աշնանը հակահարված կտա իշխանություններին. Ռուբեն Հակոբյան

ՔառյակԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով:

Քառյակի անդամները հայտարարեցին, որ այդ որոշումը քաղաքական էր: Ըստ նրանց` դա երկիրը տնտեսական աղետների առջև  է կանգնեցնելու, և Քառյակը պատրաստակամ է պայքարել այդ որոշումը չեղյալ համարելու համար:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր դերի մեջ չէ. նա չի կատարում օրենքով նախատեսված քայլերը: Գերակա պետք է համարվեն ժողովրդի շահերը, սակայն սա երբեք չի իրականացվում», – ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության փլուզված լինելը ակնհայտ է, սակայն իշխանություններին դա քիչ է հետաքրքրում. «Իշխանությունները ունեն ֆինանսների կարիք: Դրա աղբյուր կարող են լինել 2-ը. կորզել ժողովրդից և երկրորդը` դրսից պարտքեր վերցնել: Վերջին տարիներին արտաքին պարտքը մեծ չափսերի է հասել», -ասաց նա:

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քառյակի ծրագրերին: «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- նշեց  նա` հավելելով, որ իրենք արդեն մի քանի միջոցներ քննարկել են, որոնցից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աշնանը իրենք իշխանություններին արժանի հակահարված կտան:

 

 Անկախ

Tags: , , ,