Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

ՈԱԱԿՓորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:

ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական  համալսարանը, Երևանի «Հայբուսակ»  համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն  բուհի համար պատրաստ է  փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ  ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց:

Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի  վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի  հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

Tags: , ,