Ադրբեջանցի ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովին թույլ չեն տալիս մասնակցել հոր մահվան քառասունքին

Ռաուֆ ՄիրկադիրովՀարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:

Ինչպես “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է լրագրողի փաստաբանը՝ Էլմար Սուլեյմանովը, այսօր գլխավոր դատախազության քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին հայտարարել է, որ իրավաբանի նամակը ինքը չի ստացել:

“Դա ուղղակի անհնար է: Մենք նախօրոք հոր  մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու խնդրանքով երկու անգամ նամակ ենք ուղարկել գլխավոր դատախազին, վերջինիս առաջին տեղակալին և ազգային անվտանգության նախարարությանը: Անհնար է՝ նամակը հասած չլիներ հասցեատիրոջը: Հավանական է՝ նրանք պարզապես չեն ցանկանում բաց թողնել Ռաուֆ Միրկադիրովին”,- նշել է փաստաբանը:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Անկախ

Tags: ,