«Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ հենց առաջին փուլում կհաղթի ներկայիս վարչապետ Էրդողանը: Նա, հավանաբար, կստանա ձայների 53 տոկոսը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Այսօր լրանում է Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար մասնակից թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչ այս պահը գրանցվել է 3 թեկնածու. Սելահադին Դեմիլթաշ, Էքմելեդդի Իհսանօղլու և Ռեջեփ Թայիփ Էրդողան:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ այս տարի ընտրությունները առանձնանում են նախորդներից, քանի որ նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը, և, բնականաբար, հաղթում էր այն գործիչը, ում ներկայացրել էր իշխող կուսակցությունը. այս տարի ժողովուրդն է ընտրելու: «Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները և կատարում է դրանք: Իսկ այդ մարդկանց չեն հետաքրքրում մարդու իրավունքները կամ դեմոկրատիան: Դա ապացուցում է այն հանգամանքը, որ, չնայած դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին, Էրդողանի կուսակցությունը, այնումենայնիվ, հաղթեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ», – ասաց թուրքագետը` ընդգծելով, որ խնդիրը Էրդողանի հաղթանակը չէ, այլ նրա վերին աստիճանի հանդուգն կեցվածքը: Նրա` նախագահ դառնալու դեպքում Թուրքիան հնարավոր է անցնի նախագահական համակարգի:
Հակոբ Չաքրյանի համոզմամբ` Արևմուտքը ևս աջակցում է Էրդողանին, քանի որ տարածաշրջանում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, և նրանց համար կարևոր է հուսալի մարդ տեսնել որպես Թուրքիայի ղեկավար. «Այո´, ԵՄ-ը և ԱՄՆ-ը քննադատում են Էրդողանին, բայց քննադատել միշտ չէ, որ նշանակում է ձերբազատվել: Էրդողանը չարյաց փոքրագույնն է նրանց համար», – ասաց նա:
Նրա խոսքով` ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա. «1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց այդ երկրի հակահայկական քաղաքականությունը չի փոխվել: Հայաստանի հետ հարաբերությունները նրանք դիտում են որպես ներքին ազգային խնդիր, իսկ ազգային խնդրի հարցում պետական քաղաքականություն է կիրառվում, այդ պատճառով նախագահի կամ կառավարության փոփոխությունով այդ քաղաքականությունը չի փոխվի»:
Tags: Հակոբ Չաքրյան, նախագահական ընտրություններ, Ռեջեփ Էրդողան
