Չինական ավագ դպրոցի նախագիծը առաջ է շարժվում

timthumbՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հանդիպման ընթացքում  քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Դեսպանը նախարարին է ներկայացրել նախագծի իրագործման առաջարկություն՝ նշելով, որ չինական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դպրոցի կառուցման ֆինանսավորումը, հստակեցնելով կրթական ծրագիրը, ինչպես նաև դպրոցի կառավարմանն առնչվող հիմնական մանրամասները:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է  հայտնել դեսպանին՝  նախաձեռնությանն արձագանքելու և գործնական քայլեր ձեռնարկելու համար, նշելով, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոց, որտեղ կկազմակերպվի չինարեն լեզվի, ինչպես նաև մշակույթի և պատմության ուսուցում: Անդրադառանալով դպրոցի կառավարման կազմակերպմանը՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցների կառավարման համակարգը՝ նշելով, որ  չինական կողմը ևս կարող է ներգրավվել դպրոցի կառավարման գործընթացին՝ ունենալով իր ներկայացուցիչներին դպրոցի կառավարման խորհրդում:

Իսկ կրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների հարցում, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմն ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը: “Չինական հրաշքի մասին ողջ աշխարհը  հիացմունքով է խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով  Հայաստանում, ի դեմս այս դպրոցի, կստեղծենք չինական փոքրիկ հրաշք”,- հանդիպման ընթացքում նշել է Արմեն Աշոտյանը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ չինական դպրոցի նախագիծը  ձևի և բովանդակության առումով  տարածաշրջանում և  նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում բացառիկ կլինի և կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ տարածաշրջանի այլ երկրներում:

 

Անկախ

Tags: , ,