Մոմավառություն Գյումրիում

TsiaԵրեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցավ մոմավառություն` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին աշխարհը հիշատակում է նրանց:

30 տարի շարունակ աշխարհում տարբեր ակցիաներ են կազմակերպվում ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Այս տարի ակցիային միացել էր նաև Հայաստանը: Մասնավորաբար, Երևանում, Գյումրիում և Վանաձորում նույն ժամին անցկացվեց մոմավառության ակցիա:

Գյումրեցի մի խումբ երիտասարդներ ու պատանիներ՝ քայլերթով Ռիժկովի ճեմափողոցից շարժվեցին դեպի “Ամենափրկիչ եկեղեցու” բակ: Այստեղ կատարվեց հիշատակի մոմավառություն, որը հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ուներ:

Ակցիան Գյումրիում նախաձեռնել էր “Նոր Սերունդ” բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Միջոցառման ընթացքում հնչեցին հանդուրժողականության կոչեր, խոսվեց հիվանդության մասին:

“Կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ գիտենա հիվանդության բացասական երևույթների մասին: Միևնույն ժամանակ՝ լինի հանդուրժող տվյալ հիվանդների հանդեպ: Եվ որ հիվանդություն ունեցող մարդուն պետք չէ վերաբերվել խտրականորեն”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչ Արմեն Մելիքջանյանը:

Ըստ վիճակագրական տվյալների, աշխարհում ապրում է շուրջ 34 մլն ՄԻԱՎ վարակակիր: Ամեն տարի մահանում է 1.8 մլն ՁԻԱՀ-ով տառապող մարդ:

Tags: