«Քաղաքացին սկսում է չտարանջատել հայրենիքն իշխանությունից». Բաբկեն Պիպոյան

pipoyan

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ դերասան Սեպուհ Ապիկյանն անփույթ գրառում էր կատարել, որով հրաժարվում էր ՀՀ քաղաքացիությունից: Չգիտեմ՝ այդ քայլը տարրական անփութություն էր, թե անհաջող PR քայլ, սակայն գրառմանը հետևեցին տարաբնույթ քննադատություններ, և Սեպուհի քայլը հասարակության կողմից օբյեկտիվորեն չընդունվեց. ինքս դատապարտում եմ դերասանի նմանատիպ արարքը: Սակայն ցավալին այն է, որ քննադատվում էր միայն Սեպուհը, և անգամ կային գրառումներ, որոնցում “որպես հայրենասիրության վերջին դրսևորում” հորդորվում էր լքել Հայաստանը՝ մեկնաբանությամբ, որ իր նմանները մեր երկրին պետք չեն:

Ցավալի է, բայց մոռանում ենք, որ իշխանությունների ընտրած քաղաքական կուրսը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հայրենի հողի վրա լքված լինելու զգացումը հասել են այնպիսի մակարդակի, որ շատերն արդեն Հայաստան աշխարհը՝ հայրենիքը, չեն կարողանում տարանջատել իշխանություններից: Դժգոհության ֆոնը մոտենում է առավելագույնին: Քանի-քանիսն են առանց որևէ բառ ասելու լքել մեր երկիրը, քանի-քանիսն են նեղացած հեռացել…
Պետք է խորապես ցավ ապրել յուրաքանչյուր արտագաղթողի համար, անկախ նրանից՝ նա գիտակցում և տարանջատում է հայրենիքն իշխանություններից, թե ոչ:
Վստահաբար կարող եմ ասել, որ հայրենասիրությունից վեհ տոնով խոսողներից շատերը երբևէ ոչ մի աշխատանքային առաջարկություն արտերկրից չեն ստացել, իսկ եթե ստանային կամ չնչին հույս ունենային, որ եվրոպական ինչ-որ երկրում կունենան իրենց փոքրիկ տեղն ու նշանակությունը …
Մարդիկ, ովքեր չգիտեն՝ ով է հայը, որոնք են հայկական ավանդույթները, որն է մեր պատմական հայրենիքը, որն է մեր պատմությունը, ինչ-որ մեկի սխալը քննադատելով, եվրոպական արժեքներ կրելով՝ փորձում են դառնալ հայրենասեր:
Հ.Գ.
Այս խոսքն ուղղված չէ Սեպուհին բոլոր քննադատողներին, այլ նրանց, ովքեր իրապես անտարբեր են հիմնական պրոբլեմի նկատմամբ. քաղաքացին սկսում է չտարանջատել հայրենիքն իշխանությունից: Մեր երկրի զավակների մի ստվար զանգված սրտի մեծ ցավով, հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի մեծ զգացումով ապրում և աշխատում է արտասահմանում՝ միաժամանակ բարձրացնելով ուրիշ երկրի պատիվը»:

1926716_639274219490157_687882640_n-420x279Հիշեցնենք, որ երեկ դերասան Սեպուհ Ապիկյանը (Ճպլ) գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ հայտնելով, որ այլևս Հայաստանը չի համարում իր հայրենիք, իրեն էլ՝ ՀՀ քաղաքացի, ինչը բուռն քննադատության թեմա էր դարձել սոցցանցերում:

Դերասանը մասնավորապես գրել էր.

«39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին… Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ!!! Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը…բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք…Շատ խորը վշտով և ցավ ապրելով եմ ասում այն, ինչ ասում եմ…Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, «քացու տակ քցել», ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին…և այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին…Անչափ «ցնցված» և «հիացած» մեծն Ճանապարհային ոստիկանություն «փոսի գայի» մականվամբ համակարգի «մեծահոգի» վերաբերմունքից և աշխատանքից…Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ… երբ, Աստված մի արասցե, ընկնում ես փորձանքի մեջ, վթարի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական, ֆինանսական և հոգեկան մեծ կորուստներ, վնասվելով և դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դու ես, ջարդուխուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դու ես, կողքից բողոքող չկա, ոչ ոք չի տուժել բացի քեզանից, միակ շատ խոշոր չափերի տուժողը  էլի դու ես բոլոր առումներով և բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները, այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո, քեզ վրա տուգանք են սահմանում 200.000 դրամի չափով… Ի՞նչ կարող եմ ասել, ԲՐԱՎՈ!!!!!! Պարզապես հիացած եմ այս ամենով…երևի թե ինքներս մեզ վաճառե՞նք, որ վճարենք այդ տուգանքները:

ԿԵՑՑԵՍ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳՈՂ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!»:

 

Անկախ

Tags: ,