Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել սեպտեմբերին. «Թարաֆ»

Էրդողան    Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում: Ապրիլի 23–ին Էրդողանի հնչեցրած «ցավակցական» ուղերձից հետո թուրքական կառավարությունը մտադրվել է վճռական քայլերի գնալ: Ղարաբաղյան հարցի պատճառով 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանը 21 տարի անց կարող է բացվել: «Թարաֆ»-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներն ամբողջացնելու կարգադրություն է արվել: Եթե այս քայլը իրականացվի, ապա Թուրքիան կբացի Ալիջանի անցակետը, որը սահմանակից է Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրին: Հայտնի է, որ արդեն ասֆալտապատվել է սահմանային անցակետից այն կողմ 7 կիլոմետրանոց տարածք, տեղադրվել են համապատասխան ավտոմատացված համակարգեր:

Գնալով այս քայլին` Թուրքիան նպատակ է դրել կարգավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: 2009 թվականին ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Անկարա կատարած այցի ժամանակ դրել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի քայլ չկատարեց, ինչը հանգեցրեց նախագահ Բարաք Օբամայի սառը վերաբերմունքին: Վերջիս չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին և նախընտրում է խոսել Գյուլի հետ: Անկարայում անհանգստություն կա, որ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում Օբաման նրան չի շնորհավորի: Այս հանգամանքներից ելնելով` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

 Անկախ

 

Tags: , ,