Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը

DSC_9502Հուլիսի 2-ին և 4-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին ծխելու դեմ պայքարին, բնապահպանության ոլորտներին, վերարտադրողական առողջությանը վերաբերող, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը։

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ողջունելի համարեց այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում 2014թ. ավելացել են բնապահպանությանն ուղղված անվանակարգեր։ «Ներկայացված են արդիական թեմաներ՝ էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում, էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Այսօր մենք խնդիր ունենք հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելու, իսկ դա հնարավոր չէ առանց բնության հետ շփվելու։ Այս ծրագրերի հմնական մեխը դա է։ Մրցույթին ներկայացված ծրագրերն իրատեսական են, արդյունքները՝ չափելի»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, անդրադառնալով ծխելու դեմ պայքարին և վերարտադրողական առողջությանն առնչվող ծրագրերին, նշեց, որ ի տարբերություն ՀԵՀ-ի կողմից հայտարարված նախորդ մրցույթների՝ այդ ոլորտներում ներկայացված հայտերն այս անգամ այնքան էլ բարձր որակի չեն, թեև կան նաև այնպիսիք, որոնք հետաքրքիր լուծումներ են առաջարկում։ Ի դեպ, ներկայացված ծրագրերի որակից դժգոհեցին գրեթե բոլոր ոլորտների փորձագետները։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև հետագա մրցույթների հայտարարությունները ՀԿ-ներին առավել հասանելի դարձնելու հարցը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց այն հանգամանքը, որ որոշ ՀԿ-ներ մեկ այլ գրանտատուի կողմից ֆինանսավորված և ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացնում են տարբեր գերատեսչություններին՝ դրամաշնորհներ ստանալու համար։ Հիմնադրամի համակարգողը նշեց, որ պետք է խիստ լինել այդ ՀԿ-ների նկատմամբ և հետևողական՝ երևույթը կանխելու համար։ «Հասկանալի է, որ շարունակականությունն ապահովելու համար նույն ծրագիրը ներկայացնում են տարբեր կազմակերպությունների, սակայն այստեղ էլ պետք է ծրագրում նոր կոմպոնենտ դրվի՝ այն զարգացնելու համար։ Անընդունելի է, երբ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացվում է ևս մի քանի տեղ՝ դրամաշնորհի համար։ Նման հայտեր ֆինանսավորելով՝ չենք նպաստում ՀԿ դաշտի զարգացմանը։ Չեմ կարծում, թե մեր ՀԿ-ների մոտ կա գաղափարների պակաս, պարզապես պետք է ստիպել մարդկանց մտածել ու ավելի հետաքրքիր մտքեր ներկայացնել»,- նշեց Կարեն Ավագյանը։

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութի արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին՝ փորձագետների կարծիքներն ամբողջացնելուց հետո։

 

Անկախ

 

Tags: , ,