«Կենգուրու 2013»-ն ունի չորս հաղթող

կենգուրու 2013«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2013»-ում հաղթող է ճանաչվել չորս աշակերտ. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջն. Դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը, Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց- 4-րդ դասարանի աշակերտ Հայկ Խաչիկյանը, Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարանի 4-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 8-րդ դասարանի աշակեչտ Վահագն Շախկյանը:

Ըստ մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է և արժանի: Եվ շատ ուրախալի է, որ վերոնշյալ բոլոր չորս հաղթողներն էլ խելացի, պայծառ և ըստ արժանվույն հաղթողի կոչմանն արժանացած երեխաներ են:

Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երրորդ տարին՝  նաև Արցախում: «Կենգուրու 2013»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 39 214 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից: Ի լրումն չորս հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու մրցանակի արժանացել 559 աշակերտ՝ մոտ 110 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում ևս 778 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ընդհանուր թվով 1341 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների:

Մայիսի 21-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:

Tags: , ,