Այսօր խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանին մի շարք հարցեր ուղղվեցին, երբ վերջինս ելույթ ունեցավ կառավարության ծրագրի ներկայացումից առաջ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն, օրինակ, հայտարարեց, որ ծրագրում որևէ կոնկրետ ուղղություն չկա: Վարչապետը հակադարձեց. «Վերջին 20 տարիների ընթացքում երբևէ ՀՀ կառավարությունն այսքան կոնկրետ և առարկայական ծրագիր չի ներկայացրել, ինչպիսին այս ծրագիրն է»:
Քոքոբելյանի բարձրացրած մյուս հարցին, թե ինչու Հայաստանը չի օգտվում գազի ներկման այլընտրանքային ճանապարհներից` մասնավորապես հարևան Իրանից, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարել Հայաստան: Այս խնդրի լուծումն իր մեջ պարունակում է բազմաթիվ գործոններ: Այսօր կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի այն գազը, որ մատակարարվում է Հայաստան, լինի հնարավորինս մատչելի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ` սկսած մեր հարաբերություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավարտված մեր ռազմավարական գործընկերոջ հետ»:
Նա նաև ասաց, որ այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են վարվում Ռուսաստանի հետ` գտնելու այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան Հայաստանին նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը: «Մենք մտադիր ենք սահմանի վրա ֆիքսված գինը երեսուն տոկոսով նվազեցնել, և նվազեցման այդ մեխանիզմները մենք կներկայացնենք Ձեր դատին, երբ Ռուսաստանի հետ ստորագրվի այդ խնդրի լուծման վերաբերյալ պայմանագիր: Մենք ձեռքներս ծալած չենք նստել», -ասաց Տիգրան Սարգսյանը:
Tags: Ազգային ժողով, վարչապետ