ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնՀուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։

Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, որը բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգևոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:

Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվեց Խոր վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:

Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ:

Միջոցառումն ավարտվեց «Հավատամք»  հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի տոնական համերգով:

 

Tags: ,