Այսօր խորհրդարանի ամբիոնից վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատական հայտարարություններ հնչեցրեց` մասնավորապես անդրադառնալով հակակարկտային ծառայության անարդյունավետությանն ու գյուղացիների կրած վնասին. «Ինչպե՞ս է պատահել, որ Արմավիրի մարզի 105 հակակարկտային կայանները, կներեք այս արտահայտությանս համար` «փուստ են տվել»,-զարմացավ պատգամավորը:
Նա պատմեց, որ հանդիպել է գյուղացիների հետ, և վերջիններս անգամ հակակարկտային կայանների վերաբերյալ զավեշտալի պատմություններ են հորինել. «Կարո՞ղ է այդ հակակարկտային կայանները մայիսի 5-ի գիշերվա հանրապետական հրավառությանն են մասնակցել` Երևանի քաղաքապետի ընտրությունների առիթով»,-ասել է գյուղացիներից մեկը:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց, թե չպետք է տարածել այնպիսի տրամադրություններ, որ եթե հակակարկտային կայաններ են տեղադրված, ուրեմն 100 տոկոսով երաշխավորվում է կարկուտից առաջացած վտանգը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, պետությունը պարտավոր է աջակցել էական վնասներ կրած համայնքների գյուղացիներին` մասնավորապես անապահով խավի:
Փաշինյանը, սակայն, մնաց իր «ոճում». «Ես պնդում եմ, որ ձեր կառավարությունը չի օգնելու գյուղացիներին, որովհետև դա ձեր կառավարության բնույթն է»,-հայտարարեց նա:
«Պարո՛ն Փաշինյան, իսկ Ձեր բնույթն է չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»,-հակադարձեց վարչապետը` հիշեցնելով, որ տարեկան 3.5 միլիարդ դրամի օգնություն է տրվում գյուղացիներին:
Tags: Ազգային ժողով