Ադրբեջանում տղամարդիկ մահացու ծեծի են ենթարկում կանանց. 2 ամսում` 28 զոհ

Բռնություն կանանց նկատմամբԸնդամենը 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։ Այս մասին հայտարարել է “Կանանց նախաձեռնություն և օգնություն` սոցիալական խնդիրների լուծմանը” հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաևան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նրա` օրեցօր ավելանում է գյուղացից քաղաք կանանց փախուստը` ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով ։

“Ադրբեջանում միշտ եղել է ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: Ընդամենը երկու ամսում` 28 սպանված կին. սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում և խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից և այլ մարզերից: Նրանց շարքում կան նաև մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք:  Նրանք ամուսնուց փախչում են, միայն թե փրկեն իրենց կյանքը:  Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք”, – տեղեկացրել է կազմակերպության ղեկավարը:

Զեմֆիրա Մուսթաֆաևան ընդգծել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական և սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկականը, և ամենից հաճախ դրանք գրանցվում են հարավային շրջանում:

Tags: ,