Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը ՀՀ վարչապետից կոմբայն նվեր կստանան:
Ընդհանրապես Շամշադինի շրջանի գրեթե բոլոր գյուղերն այս սեզոնին մշտապես կանգնում են այդ խնդրի առաջ: Ցորենի դաշտերը հնձելու ժամանակ գյուղտեխնիկայի խնդիր է առաջանում: Չորաթան գյուղի ղեկավար Վարուժան Բաղմանյանն այսօր մեր թղթակցին ասել է, որ իրենց գյուղը կոմբայնի խնդիր չունի, տեխնիկան օգնության է հասնում նաև հարևան համայնքներին՝ Չինարիին, Այգեձորին, Վերին կամիրին: Չորաթանը 150 հեկտար ցորենի արտ ունի:
Բացի Վերին կարմիրից, կոմբայնի խնդիր ունի նաև Մովսեսը: Վերին կարմիրաղբյուրին պատկանող հողամասերը գտնվում են համայնքից բավական հեռու՝ Մաֆլար կոչվող հատվածում, որը նաև սահմանամերձ է: Այնտեղ հասնելու համար վերինկարմիրցի մշակները երկար ճանապարհ են կտրում, հոգնած հասնում այգի:
Այդ մասին նրանց խնդրանքին ընդառաջ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոստացել է գյուղին նվիրել բանվորական ավտոբուս, որը այգեգործներին հանդ կտեղափոխի: Գրեթե լուծվել է նաև Վերին կարմիրաղբյուրի ոռոգման ջրի հարցը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ կային ջրատարի նորոգման և պոմպակայանի կազմակերպման խնդիրներ, որոնց վերաբերյալ որոշումները ներառված են կառավարության այս տարվա ծրագրում: Առաջիկայում կսկսեն իրականացնել ոռոգման ջրի անցկացման ծրագիրը:
Tags: Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Մովսես, Վերին կարմիրաղբյուր գյուղ, Տավուշի մարզ
