Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի Մոսսադի և ԱՄՆ-ի ԿՀՎ-ի համար լրտեսության մեջ մեղադրված երկու տղամարդու:
Մուհամեդ Հեյդարին մեղադրվել է Մոսսադի գործակալներին գումարի դիմաց անվտանգության հետ կապված տեղեկություններ հայտնելու, իսկ Կուրոշ Ահմադին՝ ԿՀՎ-ի համար ինֆորմացիա հավաքելու համար:
Մահվան դատավճիռը կայացվել է Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից և հաստատվել գերագույն դատարանի կողմից:
Զեկույցում նշված չէ, թե երկու տղամարդիկ երբ են ձերբակալվել կամ երբ է նրանց դատավարությունը տեղի ունեցել:
Ավելի շուտ Իրանը տեղեկացրել էր, որ հաջողությամբ բացահայտել է երկրի ներսում գործող լրտեսական ցանցեր:
Թեհրանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է իր կենսական նշանակության ծրագրերի՝ հատկապես միջուկային ծրագրի վերաբերյալ լրտեսելու հարցում:
Իրանը արևմուտքի լրտեսական գործակալություններին՝ հատկապես Մոսսադին, մեղադրում է իր միջուկային ծրագրում ներգրավված գիտնականների սպանության մեջ: Միացյալ նահանգները ժխտել է սպանությունների հետ իր կապը: Իսրայելը ոչ մի մեկնաբանություն չի արել:
Անցած ամիս Ամնեսթի ինթերնեյշնլը զեկույց հրապարակեց, ըստ որի 2012թ-ին Իրանում իրականացվել էին պաշտոնապես հաստատված 314 մահապատիժներ, ինչի արդյունքում Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղցենում այս հարցում:
Tags: ԱՄՆ, արդարադատություն, Իսրայել, իրան, մահապատիժ