Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեին Նաղավին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, և Գերմանիա) հետ բանակցություններում իրանական կողմը չի շեղվել և չի շեղվելու «կարմիր գծից», սակայն ձգտելու է արդյունավետ ուղիով ընթանալ:
«Արևմտյան երկրները մտադիր են Իրանին զրկել միջուկային իր իրավունքներից, սակայն նրանց դա չի հաջողվի: Իրանը կպահպանի դրանք: Ճնշումներն ու սպառնալիքներն ավելի են հզորացրել մեր ժողովրդին»,-ասել է Ալի Լարիջանին:
Հոսեին Նաղավին, անդրադառնալով 2014-ի մայիսի 23-ին ԱԷՄԳ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) գլխավոր տեսուչ Յուկիա Ամանոյի Իրանի միջուկային գործունեության մասին վերջին զեկույցին, ասել է, որ Իրանի միջուկային ինֆորմացիայի հրապարակումը ԱԷՄԳ-ն կողմից բացահայտ խախտում է համարվում:
«Եթե Իրանի միջուկային գործունեության մասին զեկույցներում չի ապահովվելու համապատասխան անվտանգությունը, ապա անհրաժեշտ կլինի վերանայել գործակալության հետ համագործակցությունը»,- նշել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցով վերջնական համաձայնության գալու համար անցյալ չորեքշաբթի օրն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների վերջին՝ 6-րդ փուլը և շարունակվելու է մինչև հուլիսի 20-ը:
Իրանական կողմը ակնկալում է վերջնական համաձայնագրի տեքստը մշակել և ստորագրել մինչև հուլիսի 20-ը՝ լուծելով առկա բոլոր հակասությունները, մասնավորապես, համաձայնագրի իրականացման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումները:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: «Վեցնյակը», Ալի Լարիջանի, իրան